Նոյեմբերի 27-ին ամբողջ աշխարհի հայերը միահամուռ կմասնակցեն «Հայաստան» համահայկական հիմնադրամի «Հեռուստամարաթոն 2014» համազգային դրամահավաքին։ Այս տարի հանգանակությունները կուղղվեն Վարդենիս-Մարտակերտ ավտոճանապարհի ամբողջական վերակառուցմանը:
Վարդենիս-Քարվաճառ ճանապարհահատվածի առաջին շուրջ 12 կմ-ն ասֆալտապատ է: Հաջորդող հատվածը մինչեւ Մարտակերտ հող է եւ երթեւեկելի նաեւ մարդատար մեքենաների համար: Առաջիկա դրամահավաքի գումարներով կավարտվի վերակառուցման երկրորդ փուլով նախատեսված ճանապարհի ասֆալտապատումն ու հարդարումը:
Վարդենիս-Մարտակերտ ճանապարհի կառուցման ռազմավարական ծրագիրը հաստատված է Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից։ Այն այլընտրանքային կապ կհաստատի մեր երկու հանրապետությունների միջեւ: Նոր մայրուղին ոչ միայն կաշխուժացնի ճանապարհի երկայնքով տարածվող 22 մեծ ու փոքր համայնքների կյանքը, այլեւ կխթանի զբոսաշրջությունը եւ, մեծ հաշվով, կնպաստի տնտեսության առաջխաղացմանը:
Խոշորածավալ ծրագիրն ավարտին հասցնելու, ինչպես նաեւ տարաբնույթ այլ ծրագրեր իրականացնելու նպատակով Հիմնադրամի աշխարհասփյուռ գրասենյակներն իրենց համայնքներում իրազեկման եւ դրամահավաք աշխատանքներ են տանում դեռ տարեսկզբից: Նոյեմբերի 1-ից էլ Հայաստանում մեկնարկել են փոստային եւ sms նվիրատվությունները, որոնք նպատակ ունեն ազգային նշանակության այս ծրագրին մասնակից դարձնել մեր բոլոր հայրենակիցներին:
Հեռուստամարաթոնը կհեռարձակվի Հայաստանի հանրային հեռուստաընկերությամբ հինգշաթբի օրը, ժամը 20:00-ից, 12 ժամ անընդմեջ։