Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի պատվիրակությունը նոյեմբերի 21-22-ին Բաքվում մասնակցել է Եվրոպայի օլիմպիական կոմիտեի 43-րդ գլխավոր համաժողովին։ Քննարկվել են մի շարք հարցեր, այդ թվում՝ հաջորդ տարի Ադրբեջանում կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերի հետ կապված:
Եվրոպական օլիմպիական կոմիտեների ներկայացուցիչների հետ կայացած առանձնազրույցների ժամանակ քննարկվել է Հայաստանի մասնակցության հարցը մյուս տարի կայանալիք Եվրոպական մարզական առաջին խաղերին:
Եվրոպական մարզական առաջին խաղերի կազմակերպիչ կողմը մեկ անգամ ևս շեշտել է, որ կապահովի հայկական պատվիրակության անվտանգությունը:
Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն գտնում է, որ հայ մարզիկները պետք է մասնակցեն Բաքվում կայանալիք Եվրոպական առաջին մարզական խաղերին` մեկ անգամ ևս ապացուցելով, որ Հայաստանի մարզիկները ամենուր կարող են բարձր պահել մեր երկրի պատիվն ու հեղինակությունը: