Առաջիկա հանգստյան օրերին ավարտվելու է Ֆորմուլա 1-ի աշխարհի առաջնությունը: Եզրափակչին չեմպիոնությանը ընդամենը 2 պիլոտ են հավակնում՝ Մերսեդեսի ներկայացուցիչներ Նիկո Ռոսբերգն ու Լյուիս Հեմիլթոնը: Սակայն պելետոնում կան թիմեր, որոնք ավելի լուրջ խնդիր ունեն, քան սեփական պիլոտների չեմպիոնության մասին մտածելը:
Եթե «Մորուսիան» վերջնականապես սնանկացել է, ապա «Կեյտրեմը» երկրպագուների դրամահավաքի շնորհիվ մասնակցելու է վերջին մրցարշավին: Երեկ հայտնի է դարձել, որ թիմի մեքենաներից մեկի ղեկին նստելու է Կամուի Կոբայաշին: 2-րդ տեղի համար պայքարում են մի քանի թեկնածուներ: Սկսել է շրջանառվել նաև մրցարշավորդ Մաքս Չիլտոնի անունը: