Հայկական «Մի-24» ուղղաթիռի վրա կրակելուց ութ օր անց էլ ադրբեջանական կողմը շարունակում է կրակահերթերով խոչընդոտել հայ զինծառայողներին՝ թույլ չտալով մոտենալ ուղղաթիռի անկման վայրին: Ավելին՝ տարատեսակ արգելքներ է հարուցում ԵԱՀԿ ներկայացուցիչների առաջ, որոնք փորձում են զննություն իրականացնել դեպքի վայրում: Ոտնահարելով քաղաքակիրթ հանրության մշակած բոլոր հնարավոր կոնվենցիաներն ու մարդասիրական նորմերը՝ պաշտոնական Բաքուն ցինիկաբար հակապահանջներ է ներկայացնում տարբեր լրատվամիջոցներով:
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը քննարկում է Արցախում խոցված ուղղաթիռի անձնակազմի անդամների ճակատագրի հարցը: Այս մասին թվիթերյան իր միկրոբլոգում գրել է ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի քարտուղար Տիգրան Բալայանը:
Նոյեմբերի 19-ին մի խումբ երիտասարդ համալսարանականներ կարգախոսներով և պաստառներով բողոքի ցույց են անցկացրել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի դիմաց՝ կապված հայկական ուղղաթիռի խոցման հետ: Երիտասարդներն իրենց դիմումն են հանձնել ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ներկայացուցչին: Նրանք պահանջում են համապատասխան միջոցներ ձեռնարկել ուղղաթիռի անձնակազմի մարմինները հայրենիք վերադարձնելու և ադրբեջանական ագրեսիվ քաղաքականությունը դատապարտելու ուղղությամբ: