Եվրոպական մայրաքաղաքներում այսօր հակակառավարական ցույցերի օր էր: Տարբեր վայրերում դժգոհության պատճառները տարբեր էին, սակայն երեք դեպքում էլ ցուցարարների բողոքի թիրախն իշխանություններն էին: Չեխիայում թավշյա հեղափոխության 25-ամյակի առթիվ կազմակերպված միջոցառումների ժամանակ ցուցարարները ձվեր են նետել Չեխիայի, Գերմանիայի, Հունգարիայի, Լեհաստանի, Սլովակիայի ղեկավարների վրա:
Նախագահ Միլոշ Զեմանի դեմ բողոքի ակցիան անցկացվել էր համալսարանական տարածքում, որտեղ սկսվել էր չեխական հեղափոխությունը: Չեխ ցուցարարները Միլոշ Զեմանի ուղղությամբ նետել են տարբեր առարկաներ՝ հավկիթներ, լոլիկներ՝ պահանջելով նրա հրաժարականը:
Չեխիայի նախագահը քննադատում է Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցները, ինչն էլ հարուցել էր հատկապես երիտասարդության բողոքը: Բոլորից միայն Գերմանիայի նախագահի բախտը չի բերել. նետված հավկիթներից մեկը դիպել է նրա գլխին: