Ալմաթիում ընթացող ծանրամարտի աշխարհի առաջնության հերթական օրվա ընթացքում մեդալների հավաքածու են խաղարկել մինչև 105 կգ քաշային ծանրորդները: Չափազանց հետաքրքիր պայքարում աշխարհի ռեկորդները թարմացվել են 4 անգամ:
Առաջին ռեկորդը սահմանել է Նանկինի պատանեկան օլիմպիական խաղերի չեմպիոն Սիմոն Մարտիրոսյանը: 17-ամյա դյուցազնը պոկել է 183 կգ-անոց ծանրաձողն ու 1 կիլոգրամով թարմացրել իրեն պատկանող պատանիների աշխարհի ռեկորդը:
Երկամարտի 396 կգ արդյունքով Սիմոն Մարտիրոսյանը գրավել է 7-րդ տեղը: Հրում վարժությունում ուզբեկ Ռուսլան Նուրուդինովը 1 կգ-ով ավելացրել է Ռուսաստանը ներկայացնող Դավիդ Բեջանյանի աշխարհի ռեկորդը: Բեջանյանը ընդամենը 2 րոպե հետո բարձրացրել է 240 կգ՝ իրեն վերադարձնելով բարձրագույն ցուցանիշը:
Պայքարի վերջնակետը դրել է Ղազախստանը ներկայացնող Իլյա Իլյինը: Հրում վարժության աշխարհի նոր ռեկորդը 242 կգ է: Օլիմպիական կրկնակի չեմպիոն Իլյա Իլյինը երկամարտի 432 կգ արդյունքով հռչակվել է աշխարհի չեմպիոն: Նույն արդյունքով, սակայն Իլյինից 430 գրամ ծանր Նուրուդինովը գրավել է երկրորդ տեղը:
Մեր հայրենակից Դավիթ Բեջանյանը կանգնել է պատվո հարթակի երրորդ աստիճանին: Առաջնության վերջին օրը՝ նոյեմբերի 16-ին, հարթակ դուրս կգան Հռիփսիմե Խուրշուդյանը, Հայկ Հակոբյանն ու Ռուբեն Ալեքսանյանը: Առաջին ալիքը նրանց ելույթները ուղիղ հեռարձակմամբ կներկայացնի նոյեմբերի 16-ին, ժամը 12:00-ին և 15:00-ին: