Կայացել է գործադիր մարմնի հերթական նիստը: Որոշվեց, որ պետական պատասխանատու գերատեսչությունները պետք է մեկամսյա ժամկետում լուծում առաջարկեն՝ կարգավորելու մեքենաների գազաբալոնների տեխզննման գործընթացն ու դրանցում անվտանգության ապահովման հարցը: Հարցը հրատապ դարձավ Երևան-Գյումրի ճանապարհին տեղի ունեցած խոշոր ավտովթարից հետո:
Օրակարգային հարցերի շարքում գործադիրը ԱԺ-ին առաջարկել է նոյեմբերի 17-ին Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարել՝ երկրորդ և երրորդ ընթերցման ներկայացնելու երկրի Սահմանամերձ գյուղերում իրականցվող տնտեսական գործունեությունը հարկերից ազատելու մասին օրենքը, Կառավարության կառուցվածքի փոփոխության հարցը, բյուջետային փաթեթը և անհետաձգելի ճանաչված 26 նախագծերը:
Կառավարությունը հավանություն է տվել նաև Հայաստանում արտադրվող ալյուրը երկաթի և ֆոլաթթվի միկրոէլեմտենտներով հարստացնելու ծրագրին:
Ըստ առողջապահության նախարարության՝ դա թույլ կտա երեխաների ու հղիների մոտ նվազեցնել սակավարյունության, նորածինների մոտ՝ նյարդային խողովակի բնածին արատների, մեծահասակների մոտ էլ՝ սիրտ-անոթային հիվանդությունների թիվը: Ալյուրի հարստացման գործընթացը կսկսվի մեկ տարուց, գործադիրը խոստացավ, որ այն հացի թանկացման չի բերի:
Մանրամասները՝ տեսանյութում