ԼՂՀ ՊՆ-ի փոխանցմամբ՝ ղարաբաղաադրբեջանական սահմանի արևելյան հատվածի օդային տարածքում նոյեմբերի 12-ին ժամը 13.45-ի սահմաններում ուսումնավարժական թռիչքի ժամանակ ադրբեջանական ԶՈւ-ի կողմից հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում խոցվել է ԼՂՀ ՌՕՈւ «Մի-24» ուղղաթիռը: Խոցման վայրը շփման գծին չափազանց մոտ է:
Ադրբեջանական կողմը անմիտ հերյուրանքներ է տարածել, թե իբր հայկական ուղղաթիռները գրոհ են իրականացրել իրենց դիրքերի ուղղությամբ, և իրենք պատասխանել են: Ուղղաթիռի բեկորների ուսումնասիրությունը թույլ կտա հաստատել, որ ուղղաթիռը զինված չի եղել: Իրավիճակի այս լարումը ադրբեջանական կողմից շարունակվում էր, երբ ուղղաթիռը արդեն ընկած էր: Ավելին` ադրբեջանական կողմի կրակահերթը նաև թույլ չէր տալիս, որ անգամ օդաչուներին մոտենան:
Շատ չանցած ադրբեջանական կողմը տարածել է «Մի-24» ուղղաթիռի խոցման կադրերը: Մինչ այդ հակառակորդը քարոզչական նպատակներով տարածում էր բոլորովին այլ կադրեր, որոնք վերցված էին ուկրաինական վերջին կոնֆլիկտից: Այս ապատեղեկատվությունը հայկական կողմը, մասնավորապես` ԼՂՀ վարչապետի մամլո խոսնակ Արտակ Բեգլարյանը, անմիջապես բացահայտեց, ինչից հետո էլ հայտնվեցին իրական կադրերը:
Կադրերում երեւում են ադրբեջանական դիրքերից բավականին հեռու թռչող երկու հայկական ուղղաթիռները, որոնցից երկրորդին հաջողվում է խոցել: Այս տեսանյութը, ինչպես հայտնել է ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը, «լրացուցիչ ապացուցում է, Ադրբեջանի պաշտպանության նախարարության` մինչ այդ տարածած հաղորդագրության հերյուրանք լինելը (թե իբր հայկական ուղղաթիռը զինված է եղել եւ մարտական կուրս է վերցրել իրենց դիրքերի վրա, ինչից հետո իրենք կրակել են դրա վրա): Տեսանյութը եւս մեկ անգամ փաստացի ապացուցում է, որ ԼՂՀ ՌՕՈւ-ին պատկանող ուղղաթիռները չեն խախտել սահմանը եւ որեւէ դիրքի վրա չեն գրոհում: Ըստ կարգի` գրոհող կամ անգամ գրոհից հետո հետ վերադարձող ուղղաթիռները օգտագործում են թռիչքային այլ մարտավարություն և տեխնիկական այլ միջոցներ»:
Ֆեյսբուքյան իր էջում ՀՀ ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի կատարած գրառման մեջ ասվում է. «Հակառակորդը հրադադարը խախտել է ավելի քան 200 անգամ` ողջ գիշեր չդադարեցնելով կրակը»։
Խոցված ուղղաթիռի հրամանատարն էր մայոր Սերգեյ Սահակյանը։ Նրանից զատ, ուղղաթիռի անձնակազմի անդամ էին նաև լեյտենանտ Ազատ Սահակյանը և ավագ լեյտենանտ Սարգիս Նազարյանը։ Նախնական տվյալների համաձայն` կործանված ինքնաթիռում գտնվող զինծառայող 3 օդաչուներն էլ զոհվել են: