Կատալոնական «Բարսելոնան», հյուրընկալվելով Ամստերդամի «Այաքսին», Լիոնել Մեսսիի դուբլի շնորհիվ հաղթել է 2-0 հաշվով:
Այսպիսով արգենտինացին կրկնել է Մադրիդի «Ռեալի» լեգենդ Ռաուլի՝ դեռ մի քանի տարի առաջ հավերժ թվացող ռեկորդը՝ Չեմպիոնների լիգայում խփելով իր 71-րդ գոլը: Շատ շուտով Ռաուլին կարող է գերազանցել նաեւ Կրիշտիանու Ռոնալդուն, ով իր հաշվին առայժմ 70 գնդակ ունի:
Խմբի մյուս խաղում «Պարիսենժերմենը» սեփական հարկի տակ առաջին րոպեին Էդիսոն Կավանիի հեղինակած գոլի շնորհիվ հաղթել է «Ապոելին»:
Խմբային փուլի կենտրոնական խաղը կայացել է Մյունխենի «Ալիանս Արենա» մարզադաշտում, որտեղ «Բավարիան» ընդունել էր «Ռոմանին»: 2 շաբաթ առաջ Հռոմի «Ստադիո Օլիմպիկոյում» կայացած այս թիմերի առաջին խաղում մի քանի գլխով բարձր էր գտնվել գերմանական թիմը՝ հաղթելով 7-1 հաշվով:
Գայլերին չհաջողվեց ռևանշի հասնել սեփական երկրպագուների առջև կրած ստորացուցիչ պարտության համար, բայց այս անգամ նրանք գոնե խոշոր հաշվով չեն պարտվել: Ֆրանկ Ռիբերիի և Մարիո Գյոթցեյի գոլերի շնորհիվ Գերմանիայի չեմպիոնը հաղթել է 2-0 հաշվով: Խմբի մյուս խաղում գրանցվել է այս տուրի ամենամեծ անակընկալը: Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր սիթին» ընդունել էր Ռուսաստանի չեմպիոն «ԲԿՄԱ»-ին:
Արդեն 2-րդ րոպեին Սեյդու Դումբիան առաջ է մղել բանակայիններին: Ընդամենը 6 րոպե անց Յայա Տուրեն հավասարեցրել է հաշիվը, սակայն 34-րդ րոպեին Դումբիան 2-րդ սառը ցնցուղն է լցրել մանկունիացիների գլխին, որից այդպես էլ չեն կարողացել ուշքի գալ: Ռուսական թիմը հաղթել է 2-1 հաշվով: