Կադրային լուրջ խնդիրներ ունեցող Հայաստանի հավաքականի հաջողությանը քչերն էին հավատում: Բոլորին էր հետաքրքիր, թե նման պարագայում ինչ լուծումներ կգտներ գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը: Մեր ընտրանու գլխավոր մարզիչը հանձնեց քննությունը: Ճիշտ կազմակերպված պաշտպանությունը և, հնարավորության դեպքում, սուր հակագրոհները դարձան մեր թիմի մարտավարությունը:
Սերբիայի հետ անցկացրած նախորդ 3 խաղերում մեր ֆուտբոլիստներին չէր հաջողվել գոնե մեկ գնդակ ուղարկել մրցակցի դարպասը: Այս խաղում ևս սպասելիքները քիչ էին, հույսերը՝ հսկայական: Եվրոպական առաջատար ակումբներում հանդես եկող ֆուտբոլիստներով համալրված սերբական թիմը հանդիպման հենց մեկնարկից ձգտեց տիրել նախաձեռնությանը՝ փորձելով նաև իրականացնել սեփական խոստումը՝ Բելգրադ վերադառնալ 3 միավորով:
Ռոբերտ Արզումանյանը հանդիպման 73-րդ րոպեին գլխի հարվածով գրավեց մրցակցի դարպասը: Հաղթանակը գրեթե մեր տղաների ձեռքում էր, երբ հանդիպման վերջնամասում հավաքականի հետնակետայինների դիրքում հսկողությունից դուրս մնացած Զորան Տոշիչը խաղի հաշիվը հավասարեցրեց: Խաղն ավարտվեց 1-1 հաշվով:
Հանդիպման ավարտից հետո մամուլի ասուլիսի ժամանակ Սերբիայի ընտրանու գլխավոր մարզիչ Դիկ Ադվոկատը նշեց` մենք մրցում էինք իսկական թիմի դեմ, նրանցից յուրաքանչյուրը խաղում էր իր երկրի համար: Նրա խոսքով` երկու խաղակեսն էլ դժվար էր ընտրանու և մարզչական կազմի համար համար, և ինքը գոհ է, որ Հայաստանից հեռանում է մեկ միավորով: