Նախագահ Սերժ Սարգսյանի հրավերով պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն է ժամանել Սերբիայի Հանրապետության Նախագահ Տոմիսլավ Նիկոլիչը: Նախագահի նստավայրում տեղի է ունեցել Սերբիայի Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը, որին հաջորդել է երկու երկրների նախագահների երկկողմ ձևաչափով հանդիպումը:
Ողջունելով բարձրաստիճան հյուրին՝ Նախագահ Սերժ Սարգսյանն ընդգծել է, որ հայ-սերբական բարեկամությունը խորը արմատներ ու պատմություն ունի, և այդ պատմության մեջ բարեկամության բազմաթիվ դրսևորումներ կան: Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սերբիայի Նախագահի այցը նոր խթան կհաղորդի հայ-սերբական քաղաքական երկխոսությանը և երկկողմ համագործակցության օրակարգն առաջ մղելու գործին:
Տոմիսլավ Նիկոլիչը շնորհակալություն է հայտնել Նախագահ Սերժ Սարգսյանին ջերմ ընդունելության համար և նշել, որ Սերբիայի Նախագահի պաշտոնում ընտրվելուց հետո իր համար կարևոր է եղել Հայաստանի և Սերբիայի միջև հարաբերությունների զարգացումը, որը, Նախագահ Նիկոլիչի խոսքով, այսօր բավարար մակարդակի վրա չէ:
Սերբիայի Նախագահը վստահեցրել է, որ իր երկիրը կներդնի առավելագույն ջանքեր՝ հայ-սերբական միջպետական կապերը սերտացնելու և համագործակցությունը խորացնելու համար: Հանդիպման ավարտին Նախագահ Սարգսյանը Սերբիայի Նախագահին պարգևատրել է Փառքի շքանշանով: