Ի՞նչը կարող է ուրախացնել տարիների բեռից կորացած տարեցներին, եթե ոչ թոռան կամ զավակի մեկ զանգն ու այցը: Նրանք ավելին չեն էլ ցանկանում: Միայն դրա համար պատրաստ են բարեմաղթանքներ ու օրհնանքի խոսքեր հնչեցնել: Կապանցի միայնակ ծերերը տարեցների միջազգային օրը, ինչպես միշտ, անցկացրել են «Առաքելություն Հայաստան» կազմակերպության բարեգործական ճաշարանում:
Կապանցի 85-ամյա Կոլյա պապը առավոտյան զավականերից ստացած բարեմաղթանքներ է թվարկում։ Դուստրը Ռուսաստանից է զանգել, տղան էլ երեկոյան հարսի հետ կայցելի իրեն։ Արդեն 24 տարի է՝ մենակ է ապրում։ Ասում է՝ ինքն է ցանկացել խորը ծերությունը անցկացնել միայնակ։ Ուշադրության պակաս չի զգում։ Զավակների բոլոր փորձերը Կոլյա պապին իրենց տուն տեղափոխելու անհաջողությամբ են ավարտվել:
«Առաքելություն Հայաստան» հասարակական կազմակերպության բարեգործական ճաշարանը Կապանի սոցիալապես անապահով, միայնակ, հատուկ կարիքավոր ծերերի բարեկամն է արդեն 14 տարի։ Ճաշարանը կընդլանի իր գործունեությունը, եթե նոր աջակիցներ գտնվեն ու պատրաստակամություն հայտնեն ֆինանսավորելու:
Մանրամասները` տեսանյութում