Ամերիկայի Միացյալ Նահանգների գլխավորությամբ ստեղծված հակաիսլամիստական կոալիցիան ընդլայնվում է: «Իսլամական պետության» դեմ պայքարին է միացել Դանիան, որն Իրաք կուղարկի 7 կործանիչ: Իրաքում և Սիրիայում իսլամիստների հենակետերին հասցվող օդային հարվածներին մասնակցելու հարցը քննարկել է Մեծ Բրիտանիայի խորհրդարանը:
Մինչդեռ մերձավորարևելյան տարածաշրջանում երկու կրակի արանքում հայտնված հազարավոր անօգնական մարդիկ չգիտեն, թե ուր փախչեն և ինչպես փրկվեն այդ արհավիրքից:
Կոալիցիոն ռազմական օդանավերն այսօր երեք նոր հարված են հասցրել «Իսլամական պետության» թիրախներին սիրիական Դեր Զորի մոտ գտնվող Մայադին քաղաքում:
Մյուս կողմից, հազարավոր քրդեր, արձագանքելով իրենց բանտարկված առաջնորդ Աբդուլա Օջալանի կոչին, Ստամբուլից ավտոբուսներով մեկնել են թուրք-սիրիական սահման, որպեսզի այնտեղից անցնեն Սիրիայի տարածք և միանան «Իսլամական պետություն» խմբավորման դեմ պայքարին:
Բայց դրա համար նախ պետք է թուրքական իշխանության թույլտվությունը, որն ուշանում է: Ակտիվիստները բողոքի ցույց են անցկացրել՝ մեղադրելով Անկարային «Իսլամական պետությանը» սատարելու համար:
Մանրամասները` տեսանյութում