Այո, թե՝ ոչ: Այս երկու կարճ բառերն Շոտլանդիան երկու մասի են բաժանել, երկու գրեթե հավասար մասի:
Անկախության հանրաքվեն արդեն երկու տարի ամենաքննարկվող թեման է ոչ միայն քաղաքական հարթակներում, այլև գարեջրատներում և ընտանիքներում: Հանրաքվեին մասնակցելու ակտիվությունն անչափ մեծ է: Ընտրողների 97 տոկոսն արդեն գրանցվել է պատմական քվեարկության համար: Շոտլանդիայի մայրաքաղաք Էդինբուրգի բնակիչներն իրենց տեսակետներն են հայտնում, թե ինչու պետք է այո կամ ոչ ասել և դրանցից որն ավելի լավ կլինի երկրի համար:
Վճռորոշ քվեարկությանն ընդամենը ժամեր են մնացել, մինչդեռ հարցումների արդյունքների հիման վրա որևէ որոշակի կանխատեսում անհնար է անել, քանի որ Լոնդոնից անջատվելու կողմնակիցների և հակառակորդների ձայները գրեթե հավասար են:
Կողմնակիցները միայն 4 տոկոսով են զիջում հակառակորդներին: Երեկ Մեծ Բրիտանիայի երեք հիմնական կուսակցությունների առաջնորդները միասին խոստացան ավելի լայն ինքնավարություն շնորհել, եթե Շոտլանդիան նախընտրի Միացյալ թագավորության հետ մնալ: Լեյբորիստների առաջնորդ էդ Միլիբենդի կարծիքով՝ սեպտեմբերի 18-ին շոտլանդացիներն ինչի օգտին էլ քվեարկեն, Մեծ Բրիտանիային քաղաքական անխուսափելի փոփոխություններ են սպասում:
Շոտլանդիայի հանրաքվեի հետ կապված զարգացումներին անհամբեր հետևում է նաև ողջ աշխարհը, մասնավորաբար, այն երկրները, որոնք նույն ցավով են տառապում. Եվրոպայում՝ Իսպանիան, Մերձավոր Արևելքում էլ այն պետությունները, որտեղ ապրող քրդերը ձգտում են անկախ պետություն ստեղծել:
Մանրամասները՝ տեսանյութում