Մի քանի օրից կկայանա Շոտլանդիայի անկախության հանրաքվեն. այդ պատմական իրադարձության կողմերն ու դեմերը գրեթե հավասար են: Վերլուծաբանները չեն կարողանում կանխատեսումներ անել, իսկ բրիտանական կառավարությունը համառորեն պայքարում է հանրաքվեն տապալելու համար:
Վարչապետ Դեվիդ Քեմերոնը մեկ շաբաթվա ընթացքում երկրորդ անգամ է այցելում Շոտլանդիա ու հանդիպումների ժամանակ շեշտում Շոտլանդիայի ու Անգլիայի 300 տարվա կապի կարևորությունը:
Բրիտանիան խոստումներ է շռայլում, պարտավորվում է ավելացնել Շոտլանդիայի պետական ֆինանսավորումը, պատրաստ է շոտլանդացիներին հանձնել սոցիալական ապահովման եւ առողջապահության ծախսերի նկատմամբ վերահսկողությունը:
Անկախության հակառակորդները վստահեցնում են, որ անկախությունը կհանգեցնի Միացյալ Թագավորության անկմանը և կդառնա ֆինանսական, տնտեսական եւ քաղաքական անորոշության պատճառ, կհանգեցնի թագավորության հետ ընդհանուր արժույթի, դարերով ձևավորված զինված ուժերի, ինչպես նաև թոշակային հիմնադրամների կորստի: