Սիրիայի ռազմական օդանավերը հարվածներ են հասցրել Իդլիբ նահանգում գործող իսլամիստ գրոհայինների դիրքերին: Հիմնական թիրախը եղել է հյուսիսային Նաբլ քաղաքը:
Ռմբակոծության հետևանքով վիրավորվել է 7 մարդ: Ավելի վաղ բանակային ուժերը Հալեպի մերձակայքում զինյալների 5 մեքենա էին ոչնչացրել: Հաղորդվում է, որ Սիրիայի զինված ընդդիմությունը և «ԻԼԻՊ» խմբավորումը պայմանավորվել են դադարեցնել կրակը Դամասկոսի հարավային թաղամասերում և միմյանց վրա հարձակում չգործել:
ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին մեկնել է Կահիրե՝ Եգիպտոսի իշխանությունների հետ քննարկելու երկկողմ և տարածաշրջանային խնդիրներ: Վաշինգտոնի համար առաջնայինն այսօր «Իսլամական պետություն» շարժման դեմ պայքարի համար միջազգային դաշինք ստեղծելն է:
Պենտագոնը Պարսից ծոց է ուղարկել ունիվերսալ դեսանտային նավ՝ հազար ծովային հետևակային զինվորով, այն միանալու է ծոցում գտնվող ամերիկյան 6 ռազմանավերին։
ԱՄՆ դաշնակից Գերմանիան էլ հայտարարել է, որ չի մասնակցի «Իսլամական պետության» դեմ ուղղված ավիահարվածներին, բայց մտադիր է Իրաք ուղարկել առնվազն 40 դեսանտայինի: Քուրդ զինվորականներին նրանք սովորեցնելու են օգտվել գերմանական սպառազինությունից զինված խմբավորման դեմ պայքարում:
Այս և այլ միջազգային նորությունները՝ մեկ տեսաշարում