Եվրասիական տնտեսական միությանն անդամակցելուց հետո Հայաստանը Ռուսաստանի, Բելառուսի ու Ղազախստանի հետ կկարողանա ավելի հեշտ պայքարել բիզնեսի ապօրինությունների ու չարաշահումների դեմ: Սանկտ Պետերբուրգում նման հայտարարություն է արել ՌԴ հակամոնոպոլ ծառայության ղեկավարը:
Շուկաներում համատեղ ստուգումների ու մոնիթորինգի հարցերը Տնտեսական մրցակցության մեր պաշտպանները ռուս գործընկերների հետ քննարկել են «Մրցունակության օրվա» առթիվ Ռուսաստանի հյուսիսային մայրաքաղաքում անցկացվող միջազգային համաժողովին ու դրան հաջորդած ԱՊՀ միջկառավարական խորհրդի նիստին:
ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանը հանդիպման ժամանակ ասել է, որ համագործակցությունը սերտացնելու շնորհիվ հնարավոր կլինի առանց վարույթներ փոխանակելու բարդ ընթացակարգերի միմյանց շուկաներում կանխել այլ պետությունում գրանցում ունեցող տնտեսվարողի խախտումները: