Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության նախագահի 2014 թվականի մրցանակը շնորհվելու է «Սիսկո» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացոլային: Մրցանակը շնորհվում է 2010 թվականից:
Նախորդ չորս մրցանակակիրներն են եղել «Ինտել կորպորացիա»-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն, տնօրենների խորհրդի նախագահ Քրեյգ Բարրետը, «Apple» ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը, «Synaptics» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը եւ «Հիտաչի» ընկերության նախկին գործադիր տնօրեն Ցուկիո Մակիմոտոն:
Մրցանակաբաշխության գաղափարի հեղինակ «Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանը նշել է, որ Մարիո Մացոլան Հայաստան է ժամանելու նոյեմբերի 9-ին, մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունը տեղի կունենա Նախագահական նստավայրում նոյեմբերի 11-ին: