Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցն այսօր այցելեց Գյումրի: Եվրոպացի պաշտոնյան Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցին երկու նոր բշժկական սարքավորում նվիրեց: Կուրցը հանդիպումներ է ունեցել գյումրեցիների հետ, զրուցել տարբեր ոլորտներում գործակցության կամուրջների ամրապնդման մասին:
Արտգործնախարարին անհամբեր սպասում էին նաև քաղաքի հյուսիսարևտմտյան հատվածում, որտեղ «Կարիտաս Ավստրիա» բարեգործական կազմակերպության Ֆորարլբերգ թեմի անհատ դոնորների միջոցով կառուցվում է «Էմիլի Արեգակ» երեխաների խնամքի կենտրոնը, այն նախատեսված է Գյումրիի բազմակի հաշմանդամություն ունեցող 5 տարեկանից բարձր շուրջ 200 երեխայի ու նրանց հարազատների համար:
Մտերմիկ զրույցից ու հյուրասիրությունից բացի երեխաները նվեր էին պատրաստել հյուրի համար. նրանք մեկ թղթապանակում իրենց ձեռքի դրոշմով ջերմագին ողջույններ հաղորդեցին, որպեսզի նախարարը ամեն անգամ թերթելիս մտաբերի յուրաքանչյուրին:
Սեբաստիան Կուրցը կենտրոնին նվիրեց թերապիայի բուժսարքավորման գնման սերտիֆիկատ: