Նախագահ Սերժ Սարգսյանը ողջունել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցի այցը մեր երկիր՝ ընդգծելով, որ մեծագույն հաճույքով է հյուրընկալում բարեկամ Ավստրիայից ժամանած պատվիրակությանը, ինչը լավ առիթ է վերհիշելու հունիսին Ավստրիա կատարած իր պաշտոնական այցը:
Նախագահը Ավստրիայի արտգործնախարարին խնդրել է իր ջերմ ողջույնները փոխանցել Նախագահ Հայնց Ֆիշերին, ում հետ Վիեննայում հունիսին շատ արդյունավետ և կառուցողական երկխոսություն է ունեցել:
Սերժ Սարգսյանը հույս է հայտնել, որ Սեբաստիան Կուրցը Հայաստանում իր այցի հագեցած օրակարգի շրջանակում արդյունավետ հանդիպումներ ու քննարկումներ կունենա, ինչը դրականորեն կանդրադառնա երկկողմ գործակցության զարգացման վրա՝ նոր թափ հաղորդելով հայ-ավստրիական հարաբերություններին:
րտգործնախարար Կուրցը նշել է, որ Ավստրիան շահագրգռված է Հայաստանի հետ զարգացնելու ոչ միայն քաղաքական, այլև տարբեր բնագավառներում, հատկապես՝ տնտեսական ոլորտում փոխգործակցությանը:
Սերժ Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Ավստրիայի իշխանություններին և ժողովրդին՝ հայկական հոգևոր-մշակութային ժառանգության, Մխիթարյան Միաբանության հանդեպ ցուցաբերվող ուշադրության համար, ինչի շնորհիվ Վիեննան դարձել է հայագիտության ճանաչված կենտրոններից մեկը:
Զրուցակիցները գոհունակությամբ են խոսել միջազգային կառույցների շրջանակներում հայ-ավստրիական համագործակցության մասին, անդրադարձել տարածաշրջանային խնդիրներին, ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ներկա փուլին և հեռանկարին: