«10 օր Միացյալ Թագավորությունը փրկելու համար», «Թագուհին երկյուղում է Բրիտանիայի փլուզումից»՝ այս և նման վերնագրերն այսօր ողողել էին բրիտանական մամուլի գլխավոր էջերը, որտեղ ակտիվորեն քննարկվում են ամենաթարմ հարցումների արդյունքները:
Դրանց համաձայն, առաջին անգամ Շոտլանդիայի անկախացման կողմնակիցների թիվն ավելի շատ է եղել, քան հակառակորդներինը՝ 51 տոկոս ընդդեմ 49-ի:
Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սելմոնդը համարում է, որ Շոտլանդիայի անկախության հանրաքվեի օրը որքան մոտենում է, Մեծ Բրիտանիայի կառավարությունն այնքան ավելի է խուճապի մատնվում:
Բայց բոլոր շոտլանդացիները չեն, որ իրենց ապագան տեսնում են Միացյալ Թագավորությունից դուրս: Նրանք համախմբվել են «Միասին ավելի լավ է» շարժման շուրջ, որի անդամները համոզված են, որ Շոտլանդիան կարող է ավելի բարեկեցիկ և ուժեղ լինել միայն Թագավորության կազմում: