Նախօրեին Նյու Յորքի Քվինս թաղամասի փողոցներից մեկն անվանակոչվել է Սերգեյ Դովլաթովի անվամբ: Նրա ապրած բնակարանին մերձակա փողոցը հայկական ծագումով հռչակավոր գրողի անվամբ կոչելու նախաձեռնությունը քաղաքապետարանը հաստատել էր դեռեւս հունիսին: Արարողությանը ներկա են եղել քաղաքապետարանի պաշտոնյաներ, բացումն իրականացրել է Դովլաթովի այրին` Ելենա Դովլաթովան:
Մեծանուն գրողը իր կյանքի մի մասն ապրել է Խորհրդային Միությունում, ապա փոխադրվել Միացյալ Նահանգներ: Իր որոշ պատմվածքներում եւ ինքնակենսագրական «Մերոնք» վիպակում Սերգեյ Դովլաթովը խոսել է իր հայկական արմատների մասին:
Նրան հետապնդում էին, աշխատանքից հեռացրեցին, գործերը չէին տպում: Բայց նա կասկած չուներ, որ իր գրականության ժամանակը դեռ կգա: Երկար քաշքշուկներից հետո 1978-ին թույլատրեցին հեռանալ Խորհրդային Միությունից:
Ընկերների օգնությամբ Դովլաթովները փոխադրվեցին Քվինս թաղամաս՝ Նյու-Յորքի այն մասերից մեկը, որ ժողովրդագրական պատկերով առանձնապես Խորհրդային միությունից չէր տարբերվում:
Փողոցում հաճախ կլսեիր ռուսերեն, հայերեն, վրացերեն կամ միջինասիական լեզուներ: