Հայկական «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի ավանդական շարունակությունը՝ «Անիվների վրա» փառատոնն այս տարի անվանափոխվեց: Նպատակը, սակայն, նույնն էր ՝ փառատոնը ներկայացնել մայրաքաղաքից դուրս:
Այս տարի փառատոնի անվանումն էր «Կինոէքսպրես Հայաստան-Վրաստան», կազմակերպիչները «Ոսկե Ծիրան» կինոյի զարգացման հիմնադրամն է ու Վրաստանի «Պրոմեթեւս» կինոարվեստի կենտրոնը:
Տարվա նորույթը՝ շարժական էկրանը, Գյումրիի Վարդանանց հրապարակում հնարավորություն տվեց փառատոնի ֆիլմերը դիտել լուսնի լույսի տակ: «Կինոէքսպրես Հայաստան-Վրաստանը» կշրջի երկու երկրների սահմանի երկայնքով սփռված բնակավայրերով՝ շարժական էկրանով փառատոնի հայկական ու վրացական ֆիլմերը ներկայացնելով Գյումրիում, Ամասիայում, Վանաձորում, Ալավերդիում, Ախալքալաքում, Ախալցխայում, Նինոծմինդայում եւ Բորժոմիում: