Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը պարտությամբ է մեկնարկել 2016-ի Եվրոպայի առաջնության ընտրական փուլը: Մեր թիմն արտագնա խաղում 1:2 հաշվով զիջել է դանիացիներին: Հանդիպման 50-րդ րոպեին Հենրիխ Մխիթարյանը հեռահար հարվածով գրավեց հակառակորդի դարպասը: 65-րդ րոպեին դաշտի տերերը հավասարեցրին հաշիվը:
Պատասխան գնդակը ստանդարտ դիրքի խաղարկման արդյունքում խփեց Մյունխենի Բավարիայի կիսապաշտպան Պյեր-Էմիլ Հոյբերգը: 71-րդ րոպեին հավաքականի գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդը փոխարինեց Հենրիխ Մխիթարյանին՝ խաղադաշտ դուրս բերելով Մարկոսին:
Հանդիպման վերջնամասում դանիացիները մեծացրին ճնշումը եւ առաջ անցան հաշվի մեջ: Ռոման Բերեզովսկու պաշտպանած դարպասը 80-րդ րոպեին երկրորդ գնդակն ուղարկեց փոխարինման դուրս եկած Թոմաս Կալենբերգը:
Սա Բեռնար Շալանդի առաջին պաշտոնական խաղն էր Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի կարգավիճակում:
Եվրո-2016-ի հաջորդ խաղում Հայաստանի թիմը հոկտեմբերի 11-ին Երեւանում ընդունելու է Սերբիայի ընտրանուն: