Նոր ուսումնական տարին գործազուրկի կարգավիճակ բերեց Արևածագի գյուղապետարանի առաջին կարգի մասնագետ Գագիկ Շերմազանյանին, որն ահա արդեն 30 տարի գյուղի մշակույթի տան տնօրեն-գեղմասվարն է: Սեպտեմբերի 1-ից աշխատանքից ազատելու պաշտոնական պատճառը բյուջեի սղությունն է, հաստիքի կրճատումը:
Արևածագի մշակույթի տունը ժամանակին լավագույններից մեկն էր երկրում: Գործում էին բազում խմբակներ: Ամեն շաբաթ-կիրակի կազմակերպվում էին դիսկոտեկներ, որտեղ գյուղացիները հավաքավում էին ընտանիքներով, գալիս էին նաև շրջակա բնակավայրերից: Այս երևույթը հատուկ ուսումնասիրվեց և մշակույթի նախարարության կողմից գրքույկի ձևով մասսայականացվեց հանրապետության գյուղական ակումբներում: 90-ականներին շենքի տանիքը փլվեց, աշխատելը դարձավ անհնար: Ի վերջո մարզպետի և նախկին գյուղապետի ջանքերով շենքի տանիքը, դահլիճն ու ճեմասարահը նորոգվեցին: Սկսեցին գործել գեղարվեստական խմբակները, կազմակերպվեցին միջոցառումներ: Սակայն մշակույթի տունը կրկին պարապուրդի է մատնվելու այս անգամ մասնագետ աշխատող չլինելու պատճառով: Գագիկ Շերմազանյանն ասում է, որ հաստիքի կրճատման խնդիրն առաջացել է այն բանից հետո, երբ համայնքապետի վերջին ընտրության ժամանակ ինքն իր քվեն տվել է այն ժամանակ գործող, այժմ նախկին գյուղապետին:
Առաջարկվել է գործող խմբակների երեխաներից գումար գանձել, մուծել համայնքի բյուջե և աշխատավարձ ստանալով շարունակել խմբակավար աշխատել: Սակայն ակնհայտ է, որ գյուղում հազիվ թէ հնարավոր լինի խմբակները պահել վճարովի սկզբունքով: Իսկ Մշակույթի տան բանալին կհանձնեն գրադարանավարին, որն այն կբացի ժողովների ու ընտրությունների ժամանակ:
Գագիկ Շերմազանյանը խորհրդային մշակութալուսավորական համակարգի վերջին մոհիկանն է Թումանյանի տարածաշրջանում, որ անկախ նախկին գաղափարախոսական ձևական պարտադրանքներից գեղարվեստի ու ընդհանրապես գեղեցիկի հանդեպ սեր է սերմանել գյուղական երեխաներին և շարունակել է դա մինչը աշխատանքային վերջին օրը: Անկախ աշխատանքից ազատելու իրական դրդապատճառների, փակվում է գործող վերջին գյուղական մշակույթի տներից ևս մեկը: