Մոսկվայի Կարմիր հրապարակում մեկնարկեց «Սպասսկայա բաշնյա» ամենամյա ռազմա-երաժշտական միջազգային փառատոնը, որին այս տարի մասնակցում է աշխարհի 10 երկրներից ժամանած մոտ երեք տասնյակ զինվորական նվագախումբ: Զինվորական երաժշտության փառատոնին այս տարի մասնակցում է նաեւ Հայաստանը՝ իր թմբկահար աղջիկների խմբով: Նրանք անցել են Կարմիր հրապարակով՝ իրենց հետ տանելով Հայկական պատմական թագավորությունների դրոշներն ու զինանշանները:
Թեեւ ամեն ինչ իրական է, սակայն Հայկական չորս պատմական թագավորությունների դրոշներն ու զինանշանները թմբկահար աղջիկների ուղեկցությամբ Մոսկվայի Կարմիր հրապակում տեսնելը անհավանական երեւույթների շարքից է: Իր տեսակում բացառիկ փառատոնն այս տարի գերազանցել է նախորդ տարվա սեփական ցուցանիշը: Ներկա էին տասը պետություն ներկայացնող շուրջ 1 500 երաժիշտ, որոնց ելույթներից յուրաքանչյուրը եզակի ու անկրկնելի է: Զինվորական նվագախմբերի այս բազմազանության մեջ դժվար է լինել առաջինն ու միակը, սակայն Հայաստանը ներկայացնող Երեւանյան թմբուկներին, կարծես թե, հաջողվել է դառնալ այդպիսինը: