Հայաստանում հաջողությամբ ոչ միայն ապրում, այլև բազմանում են ֆրանսիայից բերված կովերը: Տավուշի մարզի մի քանի գյուղերում անասնապահության զարգացման ծրագրով Եվրոպայից բերված կովերը հաղթահարել են կլիմայական տարբերությունները ու հաջողությամբ արդարացնում են ֆերմերների սպասելիքները: Այստեղ արդեն հորթուկների երկրորդ՝ հայաստանցի սերունդն է մեծանում: Ծրագրում շուտով ընդգրկվելու են նաև մարզի մյուս համայնքները: Նախորդ տարի ծրագրում ներառված Կիրանց և Նավուր գյուղերին ավելացան ևս չորսը: Սահմանային Բարեկամավան, Արծվաբերդ, Գանձաքար և Գոշ գյուղերում կառուցվում են անասնապահական փոքր ֆերմաներ, կհատկացվեն տոհմային հորթեր:
Ֆրանսիայի Օ՚դը Սենի նահանգային խորհրդի ֆինանսավորմամբ Տավուշի մարզում հիմնված «Հիմնատավուշ» զարգացման հիմնադրամը գործում է մի շարք ուղղություններով: Լուսաձոր գյուղի տարածքում եվրոչափանիշներով կառուցված մայր ֆերմայում պահվող` Եվրոպայից ներկրված տոհմային կովերն արդեն երկրորդ սերունդն են տվել, ինչն էլ ապահովել է ծրագրի շարունակականությունը: Այդ հիմքի վրա գյուղերում կստեղծվեն նաև անասնապահական կոոպերատիվներ: Ձեռնարկից գյուղացիների սպասելիքները լավատեսական են: Արծվաբերդում, օրինակ, դեռ ֆերմայի շինարարությունը չավարտած` արդեն հոգացել են կերարտադրության մասին: Ֆերմաները կսկսեն գործել աշնան առաջին ամսում: