Գոշավանքը վերանորոգման այս փուլի համար նախատեսված գործը կավարտեն մինչև տարեվերջ:
Մուրճի ձայնը Գոշավանքում ամենասպասվածն է: Վերջին անգամ, այն էլ` մասնակի, նորոգվել է 60 -ականներին: Միջնադարյան նշանավոր վանական համալիրի` 100 տարվա ընթացքում կառուցված 11 եկեղեցիները, մատուռները, գրատուն-զանգակատունը, գավիթը, սեղանատունը վաղուց հիմնովին նորոգման կարիք ունեին: Պատերից թափվող քարեր, օրեցօր խորացող ճաքեր: Անձրևներից առավել վտանգվել են առաջինը կառուցված սբ Աստվածածին եկեղեցին և պատերի արժեքավոր արձանագրությունները: Շինարարներն այստեղ հայտնվեցին հանրապետության նախագահի` Գոշ գյուղ այցելությունից հետո:
Եկեղեցիների նորոգման փորձ ունեցող ընկերության շինարարների հավաստմամբ այս փուլի համար նախատեսված գործը կավարտեն մինչև տարեվերջ: Շինարարությունն սկսվել է հոկտեմբերից:
Վանքի նորոգմանը ամենից շատ սպասել են գյուղի բնակիչները: Այստեղ զբոսաշրջիկների տարեկան հոսքը տպավորիչ է: Թեև եկեղեցին նորոգվում է պետբյուջեի միջոցներով, բայց գյուղում հուսով են, որ այս կարևոր գործին ձեռք կմեկնեն նաև բարերարներ` թափ հաղորդելու աշխատանքին: Ֆինանսների պատճառով էլ դանդաղել է Մխիթար Գոշի դամբարանի երեք տարի առաջ սկսված նորոգումը: Հայ իրավունքի հիմնադիր Մխիթար Գոշ, Կիրակոս Գանձակեցի, Մոմիկ. այս հնչեղ անունները կապվում են միջնադարյան հոգևոր, մշակութային և ուսումնական կենտրոնի հետ:
Այստեղ այն համոզմանն են, որ Գոշավանքում պետք է նաև ձեռնարկել առաջին` հայ իրավունքի պատմության թանգարանի հիմնումը: