Նոր ուսումնական տարում նոր համակարգչային տեխնիկայով կդիմավորի Արցախի Ասկերանի շրջանի Ծաղկաշատ գյուղի դպրոցը: Ղարաբաղյան կրթօջախին, համակարգիչների հետ միասին փոխանցվել է նաեւ գրասենյակային գույք, իսկ աշակերտներին համար` մարզահագուստ: Ծաղկաշատի դպրոցին այս նվիրատվությունները հանձնել է «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպությունը: Դեռեւս մեկ տարի առաջ ամերիկյան այդ կառույցը, «Իտալիկուս» հայ-ռուս-իտալական ընկերությունը եւ «Style Screen Award» կառույցը սկսել էին հանգանակություն արցախյան գյուղին օժանդակելու համար:
Արարողությունը սկսվել է դպրոցականների երգով ու ասմունքով, ինչից հետո «Ամերիկացիները հանուն Արցախի» կազմակերպության ղեկավար Մարկ Դիցենը փոխանցել է նվերները: Ծաղկաշատի դպրոցի տնօրեն Անահիտ Կասյանը խոստովանել է, որ նախկին հնամաշ համակարգիչներով հնարավոր չէր լինի պատշաճ մակարդակով անցկացնել ինֆորմատիկա առարկայի դասընթացը, սակայն նոր տեխնիկան ստեղծում է այդ հնարավորությունը: Իսկ ամերիկյան կառույցի հաջորդ ծրագիրն է՝ աշխատել Ծաղկաշատի տնտեսության զարգացման ուղղությամբ, որպեսզի դպրոցն ավարտելուց հետո պատանիները լավ աշխատանք ունենան: