Ավարտվեց «Արի տուն 2014» ծրագիրը: Ծաղկաձորում տեղի ունեցավ Սփյուռքի երիտասարդների «Արի տուն» հայրենաճանաչության ծրագրի 2014-ի վերջին՝ 8-րդ փուլի փակման արարողությունը: Հունիսի 16-ից մինչև օգոստոսի 30-ը ծրագրին մասնակցեցին 13-18 տարեկան 1071 պատանի և աղջիկ աշխարհի 35 երկրից: «Արի տուն» ծրագրի մասնակիցները, ինչպես նաև հյուրընկալող ընտանիքների երեխաներն առաջին 9 օրերի ընթացքում ծանոթացան Հայաստանի պատմական և արդի տեսարժան վայրերին, ունեցան բազմաբնույթ հանդիպումներ հասարակական և մշակութային գործիչների հետ, հայրենագիտության դասեր ստացան հայրենիքում, սովորեցին ազգային պարեր և երգեր, նրանց համար իրականացվեց մայրենիի ուսուցման 5-օրյա դասընթաց:
Նախորդ տարիների նման ծրագրի վերջին 4 օրերը ճամբարային ակտիվ հանգստի օրեր էին Ծաղկաձորում: «Հրաժեշտ՝ վերադարձի ակնկալիքով» հրաժեշտի խարույկին արիտունցիները հանդես եկան շնորհակալական խոսքով, կատարեցին ազգային երգեր ու պարեր: «Արի տուն» ծրագրի փակման արարղությանը ներկա վարչապետ Հովիկ Աբրահամյանը կարևորեց ծրագիրի դերը հայապահպանության գործում ու վստահեցրեց՝ առաջիկայում ծրագիրն առավել կընդլայնվի և կկատարելագործվի: